ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2024 թ. նոյեմբերին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» թեմայով:
Գիտաժողովի կազմակերպման հստակ ամսաթիվը մասնակիցներին կծանուցվի ավելի ուշ:
2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակվում է ձևավորվել նոր անվտանգային միջավայր։ Հարավային Կովկասի երեք երկրներում ընթացող փոխակերպման գործընթացներն ու արտատարածաշրջանային ռազմաքաղաքական փոփոխություններն իրենց հետ բերեցին անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք ռազմաքաղաքական նոր դաշինքների ստեղծման և աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր միտումներ ի հայտ բերեցին: Անվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորվում են Պարսից ծոցը Սև ծովին միացնելու համար Հյուսիս-Հարավ միջանցքի և Կենտրանական Ասիան Արևմուտքին կապող Միջին Միջանցքի (Middle Corridor) մեգածրագրերի իրագործման համատեքստում։
Տարածաշրջանային արդի վերափոխումների և զարգացման միտումների և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնախնդիրների քննարկումը՝ միջազգային գիտաժողովի ձևաչափով, ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական և կիրառական արդիականություն և նշանակություն:
Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ (արտերկրից հետազոտողների ներգրավմամբ) գիտական դիվանագիտության հարթակում (Platform of Science Diplomacy), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո, քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հավանական հնարավորություններն ու գործիքակազմերը:
Գիտաժողովի թեմատիկ խնդիրները՝
- Հարավային Կովկասի նոր ստատուս քվոն և տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերը դինամիկ փոխակերպումների առանցքում
- Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման առանձնահատկություններն ու հեռանկարները տարածաշրջանի ապաշրջափակման և միջանցքների ձևավորման փուլում
- Գլոբալ Հարավի աշխարհաքաղաքական դերակատարության և առաջնորդության հարաճուն ավելացման համատեքստում Հայաստանի Հանրապետություն – Արաբական երկրներ հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, առկա հիմնահարցերը
Միջազգային գիտաժողովի նյութերը՝ հայերեն և անգլերեն, կտպագրվեն առանձին հատորով: Յուրաքանչյուր զեկուցման նյութ կունենա DOI:
Զեկուցման հայտերը՝ համառոտագիր մինչև 350 բառ՝ հայերեն և անգլերեն, հեղինակի տվյալները՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր, գիտական կոչում, աստիճան և կարճ ինքնակենսագրություն, կարող են ուղարկվել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի աշխատակցուհի Աննա Անտոնյանին՝ հետևյալ էլ. հասցեով՝ antonyananna235@gmail.com:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 10-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն: