Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Ռումինիայի՝ Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական հարցերի ինստիտուտի տնօրեն Ֆլավիուս Կաբա-Մարիային։
Հանդիպմանը մասնակցեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը և գիտական քարտուղար Եվա Հարությունյանը։
Գ․ Իսկանդարյանը հանգամանորեն ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի հիմնական հետազոտական ուղղությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շուրջ ինստիտուտի գիտաշխատողների իրականացրած աշխատանքները, կարևորեց երկու կենտրոնների միջև հնարավոր համագործակցությունը։ Առաջարկվեց երկու կենտրոնների աշխատակիցների ջանքերով իրականացնել վեբինարներ, գիտաժողովներ, ինչպես նաև ՄԳՇ ամսագրերում տպագրել համատեղ հոդվածներ Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ։
Ֆլավիուս Կաբա-Մարիան իր հերթին ներկայացրեց իր գլխավորած կառույցը, վերհանեց իրենց հետազոտողներին հետաքրքրող թեմաները։ Ըստ նրա` վերջին շրջանում Ռումինիայում խիստ մեծացել է Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետաքրքրությունը, ուստի` նա ևս կարևորեց համագործակցության խորացման նպատակահարմարությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Հյուսիս-հարավ ճանապարհի կարևորությունը Հայաստանի և Իրանի համար, ինչպես նաև Հայաստանի ու Իրանի համագործակցության խորացման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Իրանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին և դրանց հնարավոր զարգացումներին։