Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում տնօրեն Ռոբերտ Ղազարյանի և ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրեն Մոհամմադ Ասադի Մոհավեդիի միջև: Օրակարգում 2022 թ. Արևելագիտության ինստիտուտի և ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի կետերի իրականացման հարցն էր:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ Փոխըմբռնման հուշագրի մի շարք կետեր արդեն իրականացվել են և ջանքեր պետք է ներդնել մյուսները ևս կյանքի կոչելու համար: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանն էլ ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որ մշակել էին համատեղ ուժերով և իրականացրել արդեն դրա դրույթների մեծ մասը: Բազմաթիվ հարցերից զատ ուշադրության կենտրոնում դրվեց «Հարավային Կովկաս. կայունություն և անվտանգության արդի մարտահրավերները» միջազգային գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը, որը տեղի է ունենալու սույն թվական նոյեմբերի 28-29-ին:
Քննարկվեց նաև Թավրիզի համալսարանի հետ ակնկալվող համատեղ հուշագրերի ստորագրման անհրաժեշտութունը:
Արձանագրվեց, որ նմանատիպ հանդիպումները խիստ կարևոր են և այն պետք է լինի շարունակական, ինչը կնպաստի Հայաստան-Իրան գիտամշակութային կապերի զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի թարգմանիչ Արմինա Սարգսյանը: