Սիրիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ում և Չինաստանում Սիրիայի նախկին դեսպան Ն․Գ․ դր․ Իմադ Մուստաֆան՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ դր․ Նորա Արիսյանի և դեսպանության հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասան Ալատհբայի, ս․ թ․ մարտի յոթին ճանաչողական այց կատարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ։ Հանդիպմանը մասնակցեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը և ինստիտուտի առանձին բաժինների գիտաշխատողներ։
Լիլիթ Հարությունյանը կարևորեց ինստիտուտի համագործակցությունը սիրիական կողմի, մասնավորապես՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության հետ, ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի կառուցվածքը, հիմնական հետազոտական ուղղությունները, գիտահետազոտական ծրագրերն ու ինստիտուտի հրատարակությունները։ Լ․ Հարությունյանը շեշտադրեց ԱԻ Արաբական երկրների բաժնի նշանակությունը արաբական երկրների, այդ թվում՝ Սիրիայի նոր, նորագույն և արդի շրջանի պատմության, ինչպես նաև արաբական երկրների էթնոդավանական փոքրամասնությունների ուսումնասիրության հարցում։
Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը ներկայացրեց ինստիտուտի դերը գիտական դիվանագիտության ոլորտում, որպես կամուրջ դիվանագիտության և գիտության միջև, խոսեց ինստիտուտի շրջանակներում գործող «Զրույց դեսպանների հետ» պլատֆորմի մասին։ Ա․Փաշայանը ընդգծեց Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերությունների յուրահատկությունը, իսկ Հայաստան-Սիրիա համագործակցության ամենակարևոր ու հաջողված ոլորտներից մեկը համարեց կրթությունը, նշեց, որ Հայաստանի տարբեր գերատեսչություններում, գիտահետազոտական-կրթական կենտրոններում ու մասնավոր հիմնարկներում աշխատում են բազմաթիվ մասնագետներ, ովքեր վերապատրաստվել և արաբերեն լեզվի դասընթացներ են անցել Դամասկոսում։ Արաբագետ Գոռ Գևորգյանը խոսեց հարևան երկրների, այդ թվում՝ Իսրայելի հետ, Սիրիայի հարաբերությունների, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ սիրիահայ համայնք-պետություն համագործակցության, իսկ չինագետ Արամ Աբաջյանը՝ արաբական երկրներ-Չինաստան, Սիրիա-Չինաստան կապերի հեռանկարի մասին։
ՀՀ-ում Սիրիայի արտակարգ լիազոր դեսպան Ն․Գ․ դր․ Նորա Արիսյանը ներկայացրեց Հայաստան-Սիրիա համագործակցության տարբեր շրջանակներում նկատվող դրական տեղաշարժերը, կարևորեց համագործակցությունը Արևելագիտության ինստիտուտի՝ որպես Հայաստանում արևելագիտական ուսումնասիրություններ իրականացնող ամենակարևոր կենտրոններից մեկի հետ։ Նշեց, որ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները սիրիական պատերազմի ողջ ընթացքում շնորհակալ աշխատանք են տարել՝ անաչառ մասնագիտական գնահատականներ տալով, որոնք, շատ դեպքերում, հանրայնացվել են և ներկայացվել հասարակական լայն շրջանակների։
Արևելագիտության ինստիտուտի պատվավոր հյուրը՝ Ն․Գ․ դր․ Իմադ Մուստաֆան, խոսեց Սիրիայում հայերի մասին դրական ընկալումների, հայ և սիրիացի ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի ու համագործակցության մասին։ Վերջինս ինստիտուտի գիտաշխատողների խնդրանքով խոսեց սիրիական պատերազմի պատճառների ու փոխակերպումների, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական տեղաշարժերի, Սիրիայի և ԾՀԽ անդամ պետությունների միջև խրթին հարաբերությունների, հետագա նորմալացման, միջազգային ահաբեկչության դեմ Սիրիայի կառավարության դժվար ու հետևողական պայքարի, Սիրիայի տարածքում ջիհադական խմբավորումները հովանավորող տարածաշրջանային և միջազգային դերակատարների, ինչպես նաև Սիրիայի Իդլիբ նահանգի և հյուսիս-արևելյան շրջանների գրավմանն առնչվող խնդիրների մասին։
Ն․Գ․ դր․ Իմադ Մուստաֆան և Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները քննարկեցին նաև արաբ-իսրայելական, այդ թվում՝ պաղեստինյան հակամարտության և Գազայի հումանիտար ճգնաժամի հարցերը։ Զրույց ծավալվեց նաև Սիրիայի միջազգային համագործակցության, սիրիական պատերազմի հնարավոր հանգուցալուծման և Սիրիայում քրդական հարցի հեռանկարի մասին։
Հանդիպման ավարտին Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները մեկ անգամ ևս շեշտադրեցին Սիրիայի հետ Հայաստանի հատուկ բարեկամական հարաբերությունները, կարևորեցին կողմերի միջև համագործակցությունը շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ անկախ դժվարություններից։ Ն․Գ․ դր․ Իմադ Մուստաֆան իր հերթին կարևորեց հանրային դիվանագիտության նշանակությունը երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ու բարեկամությունը խորացնելու հարցում և շնորհակալություն հայտնեց ջերմ ու կառուցողական հանդիպման համար։