ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս․ թ․ մարտի 25-ին Արևելագիտության ինստիտուտ ճանաչողական այց կատարեց Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրեն պրն․ Սանջայ Գարգը, ով հանդիպեց ԱԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանի և ինստիտուտի աշխատակազմի հետ։
Պրն․ Գարգը նախ շրջայց կատարեց ԱԻ գրադարանում։ Գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Սարգսյանը պրն․ Գարգին ներկայացրեց գրադարանի արժեքավոր հավաքածուները, հիմնական ֆոնդերը, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, օսմաներեն, եբրայերեն, եվրոպական և այլ լեզուներով աղբյուրները, հանրագիտարանները և թեմատիկ տարբեր ուղղվածությամբ գրականությունը։ Գրադարանի աշխատակիցներից հանդիպմանը մասնակցում էին Սյուզաննա Վարդանյանը և Նարինե Գրիգորյանը։ Իր հերթին, պրն․ Գարգը պատմեց Հնդաստանի ազգային արխիվի մասին, որը ստեղծվել է դեռևս բրիտանական Հնդկաստանում, 1880-ականներին, արխիվի ստորաբաժանումների, դրանցում բացառիկ մեծ թվով արժեքավոր հավաքածուների ու սկզբնաղբյուրների մասին։ Խոսք գնաց նաև թվայնացման ուղղությամբ Հնդկաստանի ազգային արխիվի լայնածավալ աշխատանքների մասին։
Պրն․ Գարգն անդրադարձավ նաև հնդկական արխիվներում հայկական թեմաներով բազմաթիվ արժեքավոր սկզբնաղբյուրներին, որոնց մեջ կան դեռևս չուսումնասիրված բազմաթիվ նյութեր։ Դրանց հետազոտությունը նոր իրողություններ կարող է բացահայտել ինչպես հայ-հնդկական դարավոր հարաբերությունների, այնպես էլ Հնդկաստանում հայ համայնքի պատմության մասին։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց ինստիտուտի հիմնական հետազոտական ուղղությունները, կարևորեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հետ ինստիտուտի համագործակցությունը և գիտական ոլորտում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։ Լ․ Հարությունյանը և Ս․ Գարգը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցություն ձևավորել՝ հաշվի առնելով թե՛ հնդկական, թե՛ հայկական աղբյուրների և մասնագիտական գրականության նշանակությունը երկուստեք հետազոտությունների իրականացման հարցում, մանավանդ որ՝ Արևելագիության ինստիտուտում կան Հնդկաստանի գծով ուսումնասիրություններ իրականացնող երիտասարդ հետազոտողներ։
Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը խոսեց Արևելագիտության ինստիտուտում ասիական, մասնավորապես Հնդկաստանի ուղղությամբ տարվող հետազոտական աշխատանքների, հնդկական կողմի հետ համագործակցության հաջող փորձառության, առկա խնդիրների, նաև ինստիտուտի կողմից գիտական դիվանագիտության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Նազելի Նավասարդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության և Արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով Հայաստան-Հնդկաստան գիտական և դիվանագիտական պլատֆորմով իրականացված միջոցառումները, կարևորեց կողմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը և դրանց ներդրման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա էին ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի և Արաբական երկրների բաժնի գիտաշխատողներ Մուշեղ Ղահրիյանը և Գրիգոր Վարդանյանը, նաև՝ Հնդկաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողներ։ Հանդիպումը շահեկան էր հետագա համագործակցության սերտացման, նաև՝ նոր գաղափարների և գործիքակազմերի ներդրման առումով։
Շնորհակալություն ենք հայտնում Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանին և բաժնի գիտաշխատողներին` հանդիպումը համակարգելու համար։