Դիվանագիտական հարթակի ևս մեկ միջոցառում՝ միջազգային աշխատաժողով «Կերպափոխվող Մերձավոր Արևելքի հեռանկարները. փոփոխությունների դինամիկա» (“PERSPECTIVES ON THE MIDDLE EAST IN TRANSITION: DYNAMICS OF CHANGE”) թեմայով
Սույն թվականի մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր միջազգային աշխատաժողով «Կերպափոխվող Մերձավոր Արևելքի հեռանկարները. փոփոխությունների դինամիկա» թեմայով:
2011 թ.-ից Մերձավոր Արևելքն ապրում է կերպափոխումների բավական դինամիկ փուլ, որը մեծապես պայմանավորում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ոչ տարածաշրջանային գործընթացների միտումները: Դրանց ազդեցությունը տեսանելի է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող փոխակերպումներում, որոնք ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային և արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխության վրա: Դրանք իրենց հետ բերում են ինչպես լուրջ մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ, որոնց քննարկմանն էլ նվիրված էր սույն աշխատաժողովը: Այն ուներ գիտակիրառական կարևոր նշանակություն և արդիականություն:
Միջազգային աշխատաժողովը նպատակ ուներ ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մասնակցությամբ գիտական դիվանագիտության հարթակում քննարկել Մերձավոր Արևելքում ընթացող փոփոխությունների հեռանկարներն ու դրանց ազդեցությունները Հարավային Կովկասում:
Աշխատաժողովին զեկուցմամբ հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը, Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) առաջատար հետազոտողներ պրոֆ. Ռիչարդ Վերսեման և պրոֆ. Գաուդաթ Բահգաթը:
Մասնակցում էին դիվանագետներ, հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, ինչպես նաև ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ինստիտուտի և Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջև գիտական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը: Նա շեշտեց, որ նման հանդիպում-քննարկումները տարբեր երկրների հետազոտողների մասնակցությամբ մեծապես նպաստում են հանրային դիվանագիտության խողովակով տարածաշրջանային բարդ խնդիրների շուրջ մտքերի փոխանակմանն ու քաղաքական տարբեր մոտեցումների հստակեցմանը: Նա ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտը դարձել է գիտական դիվանագիտության արդյունավետ հարթակ, որում պարբերաբար քննարկվող հիմնահարցերը միտված են նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների տարածաշրջանային քաղաքական առաջնահերթությունների հստակեցմանը:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը հակիրճ ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի դերն ու հավակնությունները, տարածաշրջանի անվտանգության կարգի և ճարտարապետության վերափոխումները: Նա անդրադարձ կատարեց նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքին ու թուրքական հավակնոտ ակտիվությանը Կենտրոնական Ասիայում։ Նա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և անվտանգային փոխակերպումները համառոտ ձևակերպեց հետևյալ տեսանկյուններից․ փոխվում է տարածաշրջանի բևեռային կառուցվածքը հօգուտ Թուրքիայի ներգրավվածության ու ազդեցության, տարածաշրջանն ավելի է մոտենում Մերձավոր Արևելքին՝ շնորհիվ Թուրքիայի, Իրանի և մասամբ նաև Իսրայելի ներգրավվածության, երկու տարածաշրջանների միջև անվտանգային կապերը, դինամիկան խորանում են, փոխազդեցություններն էական են դառնում, արտաքին ուժային կենտրոնների հետաքրքրությունները և մրցակցությունը մեծանում է, Հարավային Կովկասը դիտարկվում է Կենտրոնական Ասիայի հետ մեծ տարածաշրջանի ու կապվածության համատեքստում։
Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Դրան նպաստում է նաև գլոբալ միջազգային համակարգի կամ աշխարհակարգի անորոշությունը։ Արցախյան պատերազմը հնարավորություն տվեց Թուրքիային վերաձևելու տարածաշրջանային ստատուս քվոն և ուժային բևեռայնությունը՝ որպես իր ռևիզիոնիստական արտաքին քաղաքականության շարունակություն։ Թուրքիան ամրագրեց իր բևեռայնությունը, ինչը փաստորեն, ընկալվեց Ռուսաստանի կողմից։ Պատերազմի հետևանքները մեծացրին Թուրքիայի ինքնավստահությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հավակնոտ դերակատարություն ապահովելու ուղղությամբ։ Թուրքիան և Ադրբեջանը գործում են համակարգված Հայաստանի դեմ օղակը սեղմելու և նոր զիջումներ պարտադրելու ուղղությամբ։ Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ընդգծվեց Բաքվի ավտորիտար ռեժիմի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները զսպելու ուղղությամբ արևմուտքի, արևեմտյան կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը և պատասխանատվությունը։
Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆ. Ռիչարդ Վերսեման իր ելույթում շեշտադրեց Հարավային Կովկասում հավաքական անվտանգության հնարավոր մեխանիզմների ներդրման հնարավորությունը: Նա խոսեց ռազմական հավասարակշռության վերականգնման անհրաժեշտության մասին, ինչը կարող է նվազեցնել հնարավոր պատերազմների բռնկումն ու դրանով պայմանավորված սպառնալիքները:
Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանն անդրադարձավ Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների փոխակերպումներին Բաքվի, Ռիյադի, Երևանի և Իրանի տեսանկյունից, քննարկման առարկա դարձան երկկողմ հարաբերությունների իրական դրդապատճառներն ու շահերը, շեշտադրվեց այդ հարաբերություններում իրանական գործոնի նշանակությունը: Արաքս Փաշայանը նշեց, որ Ադրբեջանն արաբական աշխարհում ամենասերտ հարաբերությունները հաստատեց հենց Սաուդյան Արաբիայի հետ, ինչը պատահական չէր: Աշխարհիկ Ադրբեջանը, իրեն ներկայացնելով որպես իսլամական ումմայի անքակտելի մաս, ցանկանում էր օգտագործել իսլամական համերաշխության գաղափարը և արցախյան հարցն արտահանել Իսլամական համագործակցություն կազմակերպություն՝ իսլամական աշխարհում լեգիտիմացնելով հակամարտության մասին սեփական նարատիվները: Սաուդյան Արաբիան մեծապես աջակցեց Ադրբեջանին՝ որպես իսլամական արաբական աշխարհի ամենաազդեցիկ ու հանգուցային պետություններից մեկը: Իր հերթին, Սաուդյան Արաբիան Հարավային Կովկասում ամենասերտ համագործակցությունը հաստատեց Ադրբեջանի հետ, ինչը կապ ուներ Իրանի հետ Ռիյադի ունեցած խորքային հակասությունների հետ: Ավանդականորեն, Ռիյադն Իրանին հակազդում էր Մերձավոր Արևելքում, իսկ Ադրբեջանի հետ համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել աշխարհագրությունը: Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի շահերը համընկնում էին, քանի որ Բաքուն նույնպես հակասություններ ուներ Իրանի հետ: Իր հերթին, Իրանը միշտ մտահոգություն ուներ Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ակտիվացման հետ կապված, որոնք խորապես կրում էին աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին. Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ պատճառ բերելով արցախյան հակամարտությունը: Սակայն Թուրքիայի հետ ունեցած լարվածության շրջանում Թագավորությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Երկու պետությունների ղեկավարներն ունեին կանոնավոր շփման խողովակներ, իսկ 2023 թ. Սաուդյան Արաբիայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆ. Գաուդաթ Բահգաթը ներկայացրեց ընթացող Գազա-Իսրայել հակամարտությունն ու տարածաշրջանում դրա ազդեցությունները: Նա խոսեց տարածաշրջանային պետությունների պատերազմի նկատմամբ դիրքորոշումների ու դրանց փոփոխությունների մասին: Ներկայացրեց վերոնշյալ հակամարտության նկատմամբ Թուրքիայում հասարակական և քաղաքական շրջանակների անդրադարձի դինամիկան:
Աշխատաժողովն ավարտվեց քննարկմամբ և մտքերի փոխանակմամբ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին և մասնակիցներին, որոնք մեծապես նպաստեցին աշխատաժողովի կազմակերպմանն ու կայացմանը: