ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
2024 թ․ մարտի 27-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց «Ալ-Ահրամ քաղաքական և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի» առաջատար հետազոտող, “Democratic review” հանդեսի պատասխանատու խմբագիր Ատեֆ Սաադավիին, Կահիրեի հայ համայնքի թեմական ժողովի քարտուղար և Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանին, եգիպտացի ռեժիսոր և լրագրող, արցախյան 44-oրյա պատերազմի մասին պատմող «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի հեղինակ, Հայաստանի բարեկամ Էսամ Նագիին։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը ողջունեց հյուրերին, ընդգծեց Հայաստան-Եգիպտոս բարեկամական հարաբերությունների նշանակությունը գիտական համագործակցության տեսանկյունից, խոսեց ինստիտուտի և եգիպտական հետազոտական կենտրոնների ու առանձին ուսումնասիրողների հետ համագործակցության, ինչպես նաև ինստիտուտի Արաբական երկրների բաժնի կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նշվեց, որ վերջին շրջանում Արաբական երկրների բաժինը մի շարք գիտաժողովներ ու քննարկումներ է կազմակերպել, որոնք նվիրված են եղել թե՛ արաբական երկրների ներքին ու արտաքին քաղաքականության, թե՛ տարածաշրջանի հայ համայնքների խնդիրներին:
Լիլիթ Հարությունյանը շեշտադրեց Եգիպտոսի հայ համայնքի, մասնավորապես՝ ազգային իշխանությունների և թեմական առաջնորդի դերը Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների խորացման և հանրային դիվանագիտությանն աջակցելու հարցում, շնորհակալություն հայտնեց Արմեն Մազլումյանին՝ այդ գործին շարունակապես հետամուտ լինելու համար։ Այդ տեսանկյունից ոչ պակաս կարևոր է Հայաստանի բարեկամ եգիպտացի հասարակական և մշակութային գործիչների դերը, որոնց մեջ առանձնանում է ինստիտուտի բարեկամ Էսամ Նագին։ Լիլիթ Հարությունյանը Արևելագիտության ինստիտուտի և Ատեֆ Սաադավին ալ-Ահրամ կենտրոնի անունից պայմանավորվածություն ձեռք բերեցին երկկողմ համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին։
Եգիպտացի հետազոտողը Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների խնդրանքով խոսեց արդի փուլում Գազա-Իսրայել պատերազմի, Գազայում հումանիտար ճգնաժամի, արաբական, այդ թվում՝ Ծոցի երկրների, Իրանի և միջազգային հանրության դիրքորոշման մասին։ Ատեֆ Սաադավին հանգամանորեն կանգ առավ պաղեստինաիսրայելական հակամարտության հարցում Եգիպտոսի դիրքորոշման և Ռաֆահի անցակետին առնչվող խնդիրների վրա։ Հանդիպման ավարտին ծավալվեց քննարկում, բանախոսին հարցեր ուղղվեցին։
Հանդիպմանը ներկա էին Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը, Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, բաժնի գիտաշխատողներ Նազելի Նավասարդյանը, Մուշեղ Ղահրիյանը, Արամ Աբաջյանը, ինստիտուտի գիտական քարտուղար Եվա Հարությունյանը, ինստիտուտի գիտաշխատողներ Արամ Գասպարյանը, Գեորգի Միրզաբեկյանը, նաև՝ երիտասարդ հետազոտողներ։
Շնորհակալություն ենք հայտնում ինստիտուտի Արաբական երկրների և Միջազգային հարաբերությունների բաժիններին՝ հետաքրքիր հանդիպում-քննարկումը կազմակերպելու համար: