ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը 2024 թվականի մարտի 14-15-ը Փարիզում մասնակցել է «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Փարիզի Նուբարյան գրադարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Սորբոնի համալսարանի և Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտի համատեղ ջանքերով։ Գիտաժողովի նպատակն էր կերպափոխվող աշխարհում ներկայացնել հայկական սփյուռքում տեղի ունեցող տեղաշարժերը և դրանց առանձնահատկությունները։
Գիտաժողովին, որը համախմբել էր հայկական սփյուռքով զբաղվող տարբեր երկրների մոտ երեսուն գիտնականների, Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց «Իրանի նոսրացող հայ համայնքը և դրա պատճառները» զեկուցումը, որի հիմքում դրված էր դաշտային հետազոտության մեթոդների լայն կիրառությունը: Ելույթում անդրադարձ է կատարվել Իրանի հայ համայնքի ձևավորմանն ու կառուցվածքին, իրանահայ համայնքի նոսրացման միտումներին ու դրանց դրդապատճառներին, ինչպես նաև խոսվել է Հայաստան-իրանահայ համայնք հարաբերությունների առանձնահատկությունների ու դրանց դրսևորումների մասին:
Նախատեսվում է զեկուցումը տպագրել ՛՛Études Arméniennes Contemporaines՛՛ (տե՛ս https://journals.openedition.org/eac/?lang=en) հայագիտական երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) ամսագրում։