ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Գևորգյանը սեպտեմբերի 19-22-ին մասնակցել է Եվգենի Պրիմակովի անվան Արտաքին համագործակցության կենտրոնի և ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի կողմից Մոսկվայում կազմակերպված «Մերձավորարևելայան հետազոտությունները Եվրասիայում» երկրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին: Հրավիրյալները ներկայացնում էին հետխորհրդային տարածաշրջանի արևելագիտական դպրոցները:
Գոռ Գևորգյանի ելույթը վերաբերել է Կենտրոնական Եվրասիայում արևելագիտության զարգացման առանցքային խնդիրներին, մասնավորապես արդի արևելագիտության առջև ծառացած մարտահրավերներին, մասնագիտացված կառույցների փոխգործակցությանը, մասնագետների համատեղ աշխատանքային նախագծերի իրականացմանը, համատեղ ուսումնասիրությունների հրատարակման օրվա հրամայական հարցերին: Առանձնակի ուշադրություն է դարձվել հետխորհրդային տարածաշրջանի արևելագիտության դպրոցների ավանդույթների պահպանման կարևորությանը, արդի աշխարհի հասարակագիտական ոլորտի պահանջարկին:
Մեր գործընկերը հանդես է եկել մի շարք առաջարկներով՝ միտված հայկական արևելագիտության զարգացմանը և տարածաշրջանի տարբեր մասնագիտացված կառույցների հետ գիտակրթական ոլորտում ինտեգրման խթանմանը:
Գիտաժողովի օրակարգը բավական հագեցած էր հատկապես տարածաշրջանային ուսումնասիրություններին վերաբերող չափազանց հետաքրքիր զեկույցներով: