ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս.թ. մարտի 29-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց վրացի գործընկերների աշխատանքային խմբին՝ Վրաստանի Իլիա համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Գեորգի Սանիկիձեի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը, Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ Ա․ Բոզոյանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լ․Հովսեփյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ա․ Փաշայանը, ինստիտուտի գիտաշխատողներ Բ․ Մայիլյանը, Տ․Մանուկյանը, Ն․ Նավասարդյանը, Գ․ Միրզաբեկյանը, ինչպես նաև ինստիտուտի գիտական քարտուղար Ե․ Հարությունյանը։
Լիլիթ Հարությունյանը կարևորեց բարեկամ Վրաստանի հետ գիտական համագործակցության նշանակությունը երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Նա հանգամանորեն ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի հիմնական հետազոտական ուղղությունները, ինչպես նաև վրացագիտության ոլորտում տարվող աշխատանքները, շեշտադրեց ինստիտուտների միջև համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու, համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու, գիտական միջոցառումներն ու փոխադարձ այցելությունները ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Պրոֆեսոր Սանիկիձեն իր հերթին ներկայացրեց Վրաստանում գիտության ոլորտում բարեփոխումների, նաև՝ արևելագիտության ոլորտում ուսումնասիրությունների ընթացքը, խոսեց հայ-վրացական, այդ թվում՝ երկու ինստիտուտների գիտական համագործակցության ավանդույթների և դրանց հենքի վրա երկու հեղինակավոր ինստիտուտների համագործակցության հեռանկարի մասին։
Կողմերը վերահաստատեցին հարևան երկու ժողովուրդների եղբայրական ու բարեկամական կապերի էլ ավելի խորացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության և կրթության։ Վրացի և հայ գործընկերները փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրքեր, ժողովածուներ և հանդեսներ՝ կարևորելով վրացական և հայկական աղբյուրագիտական և մասնագիտական գրականության նշանակությունը ոլորտային ուսումնասիրությունների տեսանկունից։
Հանդիպումն անցավ ջերմ ու համագործակցային մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին երկկողմ համագործակցությունն ավելի համակարգային դարձնելու և առաջիկայում փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ: