ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում է համագործակցությունը հնդկական կողմի հետ: Օրերս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագիր է ստորագրել Հնդկաստանի Զարգացող երկրների հետազոտական և տեղեկատվական համակարգի (RIS) հետ:
Նշված կառույցի շրջանակներում է գործում նաև Գերազանցության hամաշխարհային հարավային կենտրոնը (Global South Centre of Excellence): Զարգացող երկրների հետազոտական և տեղեկատվական համակարգը Նյու Դելիում գործող ռազմավարական հետազոտությունների անկախ ինստիտուտ է, որը մասնագիտացած է միջազգային քաղաքական, տնտեսական զարգացման, առևտրի, ներդրումների և տեխնոլոգիաների հետ կապված հարցերում: RIS-ը մի հարթակ է, որը խթանում է արդյունավետ քաղաքական երկխոսությունը և զարգացող երկրների միջև կարողությունների զարգացումը համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական և այլևայլ խնդիրների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Գերազանցության համաշխարհային հարավային կենտրոնին, այն հանրահռչակել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ «Գլոբալ հարավի ձայն» գագաթնաժողովի ժամանակ, 2023 թվականի հունվարին: RIS -ի շրջանակներում գործող տարբեր հարթակների նպատակն է՝ նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը, տեղական ու միջազգային մակարդակով համապատասխան լուծումներ և ռազմավարություն մշակել՝ հաղթահարելու զարգացման մարտահրավերները, որոնց բախվում են զարգացող երկրները: Կառույցի նպատակն է նաև խթանել գլոբալ ներառական գործընկերությունը՝ գիտահետազոտական ուսումնասիրությունների տրամադրած վերջնարդյունքի հիման վրա:
Արևելագիտության ինստիտուտի աշխատակազմը և հնդկական կողմը հուշագրի կնքման նախօրեին քննարկել են նաև հանրային/գիտական դիվանագիտության նշանակությունը երկկողմ համագործակցության հարցում և հույս հայտնել, որ հաձնառու են լինելու Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության ամրապնդմանը և հնարավորության շրջանակներում նպաստելու են ոլորտային, այդ թվում՝ գիտակրթական համագործակցության զարգացմանը: