ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս.թ. մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց անվանի բյուզանդագետ, հայագետ Իգոր Դորֆման-Լազարևին։ Ինստիտուտում կազմակերպված սեմինար-քննարկման ընթացքում գիտնականը ներկայացրեց իր և Հարություն Խաչադուրյանի խմբագրությամբ վերջերս լույս տեսած “Monuments and Identities in the Caucasus: Karabagh, Nakhichevan and Azerbaijan in contemporary geopolitical conflict", Brill, Leiden, Boston, 2024 («Հուշարձաններ և ինքնություններ Կովկասում. Ղարաբաղը, Նախիջևանը և Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտության առանցքում», Բրիլլ, 2024) կոլեկտիվ մենագրությունը՝ հրատարկված «Տեքստեր և հետազոտություններ Արևելյան քրիստոնեությունում» մատենաշարի 31-րդ հատորում:
Մանրամասն ներկայացնելով աշխատությունը՝ Իգոր Դորֆման-Լազարևն անդրադարձավ դրա գիտական նորույթին և արդիականությանը, աղբյուրագիտական հենքին և նյութերի փաստահավաք աշխատանքներին, խոսեց աշխատանքի իրականացման ընթացքի և հեղինակաների մասին, ներկայացրեց կառուցվածքը։
Աղբյուրագիտական հարուստ հենքով այս աշխատությունն իր տեսակով և բովանդակությամբ անգլերեն առաջին միջգիտակարգային համապարփակ հետազոտությունն է, որը քննության է առնում Արցախի և Նախիջևանի հնագույն և միջնադարյան հուշարձանների պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակում իրականացվող քաղաքականության և քարզչության հետևանքով ոչնչացված և վտանգված հայկական մշակութային ժառանգության հիմնախնդիրները։
Հատորը բաղկացած է 17 հոդվածներից, որոնք հեղինակել են հայտնի գիտնականներ ութ երկրներից։ Դրանում տեղ են գտել Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանում հայկական պատմամշակութային ժառանգության հազվագյուտ լուսանկարչական փաստաթղթեր և նկարագրվող բոլոր հուշարձանների մանրամասն տեղանուններն ու անվանացանկը, իրականացվել է դրանց գույքագրումը, նկարագրվել պահպանման վիճակը:
Աշխատության առաջին մասում ուսումնասիրվում են պատմական աշխարհագրությունը և ճարտարապետությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երկրորդ մասում վերլուծվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև դարավոր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում ադրբեջանական էթնոսի, ազգայնականության ձևավորման և զարգացման պատմությունը, այդ թվում՝ դրա հոգեբանական առանձնահատկությունները, միֆերը, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինքնության հարաբերությունները։
Աշխատանքի երրորդ մասում զետեղվել են հետազոտություններ, որոնք մանրամասն փաստագրում են հայկական կորսված հուշարձանների պատմագրությունը, որոնց ոչնչացումը քննվում է նաև մշակութային ժառանգության պահպանությունը կարգավորող միջազգային իրավունքի լույսի ներքո:
Հատորը հեղինակել են նաև արտերկրի հայտնի գիտնականներ Պատրիկ Դոնաբեդյանը, Կլոդ Մութաֆյանը, Վիկտոր Շնիրելմանը, Ստեփան Աստուրյանը, Էթյեն Կոպեն, Օյա Յըլդըզը, Ալեսանդրո Չեչին և Ֆրանչեսկո Ռոմանիան, Ալեքսան Հակոբյանը, Արգամ Այվազյանը, Գագիկ Սարգսյանը, Համլետ Պետրոսյանը, Աննա Լեյլոյան-Եկմալյանը, Հայկուհի Մուրադյանը և Արմինե Տիգրանյանը։
Հանդիպման ընթացքում հակիրճ բանախոսությամբ հանդես եկավ նաև հատորի հեղինակներից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը։ Նա համապարփակ ներկայացրեց քրիտոնյա Աղվանքի պատմամշակութային ժառանգության պատմագրությունը և հայ-աղվանական առնչությունները՝ շեշտադրելով ադրբեջանական պետական քարոզչության կողմից Արցախի հայկական ժառանգության «աղվանականցման» վիճելի և հիմնազուրկ մոտեցումները։
Շնորհակալություն ենք հայտնում Արևելագիտության ինստիտուտի Աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանին անվանի բյուզանդագետ, հայագետ Իգոր Դորֆման-Լազարևի հետ հանդիպում-քննարկման կազմակերպանն աջակցելու համար: