Ս․ թ․ մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը Չինաստանի ժողովրդական խորհրդի անդամ, Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ազգային վերլուծական բարձրագույն կենտրոնի գլխավոր քարտուղար և գլխավոր գիտաշխատող Ճան Գուանձեի գլխավորությամբ։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ինստիտուտի հիմնական հետազոտական ուղղությունները, կարևորեց Հայաստան-Չինաստան գիտական համագործակցությունը, ինչպես նաև ինստիտուտի գիտաշխատողների կողմից Մերձավոր Արևելքում, մասնավորապես Ծոցի տարածաշրջանում և այլ ռեգիոններում Չինաստանի քաղաքականության ուսումնասիրությունը։
Լ․ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց գիտական դիվանագիտության ուղղությամբ վերջին տարիներին ինստիտուտի իրականացրած հետևողական աշխատանքները և հույս հայտնեց, որ գործադրվող ջանքերը կնպաստեն Հայաստանի բարեկամ երկրի՝ Չինաստանի հետ երկկողմ փոխգործակցության սերտացմանը։
Չինական պատվիրակության ղեկավար Ճան Գուանձեն ներկայացրեց չինական պատվիրակությանը, որին մաս էին կազում Արևելագիտության ինստիտուտի գործընկեր Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատողներ։ Պրն Գուանձեն կարևորեց Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի գիտական ներուժը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ համատեղ հետազոտություններ և ակադեմիական քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը։
Համագործակցությանը վերաբերող նախաձեռնությունների և ծրագրերի մասին կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումներն ու ուրվագծեցին անելիքները։
Ընդհանուր առմամբ, ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Հանդիպմանը ներկա հայ և չին մասնագետները կարծիքներ փոխանակեցին նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ընթացող քաղաքական զարգացումների, ազդեցիկ խաղացողների համընկնող և բախվող շահերի, տարածաշրջանում Չինաստանի աճող դերակատարության, չինական «Գոտի և ճանապարհ նախաձեռնության», Հայաստանի և հարևանության երկրների, այդ թվում՝ անվտանգությանն առնչվող խնդիրների մասին։
Հանդիպմանը մասնակցում էին Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, գիտաշխատողներ Նազելի Նավասարդյանը, Արամ Աբաջյանը, Մուշեղ Ղահրիյանը, Արմեն Մանվելյանը և ինստիտուտի գիտական քարտուղար Եվա Հարությունյանը։
Հայերենից չինարեն և չինարենից հայերեն թարգմանությունների համար մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Արամ Աբաջյանին։
Շնորհակալություն ենք հայտնում ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնին չինական կողմի հետ համագործակցությունը համակարգելու համար: