Ս․ թ․ հունիսի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Հանդիպում դեսպանների հետ» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Վերաարժևորելով Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները»։
Արևելագիտության ինստիտուտը պատիվ ուներ հյուրընկալել ՀՀ - ում Հնդկաստանի դեսպան Ն․ Գ․ Նիլակշի Սահա Սինհային և Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն․ Գ․ Վահագն Աֆյանին։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը ողջունեց հյուրերին, կարևորեց Հնդկաստանի հետ գիտական և կրթական համագործակցության նշանակությունը, խոսեց վերջին տարիներին ինստիտուտի գիտական դիվանագիտության (science diplomacy) ուղղության ընդլայնման և խորացման մասին՝ շեշտադրելով ինստիտուտի ձեռքբերումները հանրային դիվանագիտության զարգացման գործում:
Ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանը ներկայացրեց Հնդկաստանի հետ գիտական համագործակցության հիմնական արդյունքները, կարևորեց Հնդկաստանի աշխարհաքաղականության, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ուսումնասիրությունը։ Երկու դեսպանները ներկայացրին Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման կերպափոխումները, հիմնական միտումներն ու հեռանկարը երկու երկրների տեսանկյունից։
Խոսվեց Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների պատմական հենքի մասին ևս։ Ծավալվեց քննարկում։ ՀՀ -ում Հնդկաստանի դեսպան Ն․ Գ․ Նիլակշի Սահա Սինհան և Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն․ Գ․ Վահագն Աֆյանը սիրով պատասխանեցին ներկաների հարցերին։ Բանախոսները ընդծեցին, որ հարաբերությունները զարգանում են դինամիկ, կան մեծ հնարավորություններ դրանք ավելի ընդլայնելու համար, երկկողմ հարաբերությունները ձգտում են վերաճել ռազմավարական համագործակցության։ Առանձնացվեցին համագործակցության ուժեղ ու ստացված դիտանկյունները։ Մատնանշվեցին նաև առկա դժվարությունները։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշեց, որ նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն թե՛ ակադեմիական ուսումնասիրությունների առումով, թե՛ աջակցում են Հայաստանի և բարեկամ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակիցների միջև հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը։