ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս․ թ․ հունիսի 26-ին «Հանդիպում դեսպանների հետ» ձևաչափի շրջանակներում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ - ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանի խորհրդական Ալեքսանդր Նովիկովին և ՀՀ-ում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (Россотрудничество) ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևային։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի արևելագիտական դպրոցների միջև պատմական համագործակցությունը, ձևավորված ավանդույթների պահպանումը, ինչպես նաև երկու երկրների գիտակրթական կառույցների միջև գործակցությունը սերտացնելու, զարգացման նոր հեռանկարներ ուրվագծելու անհրաժեշտությունը։ Նա խոսեց վերջին տարիներին ինստիտուտի գիտական դիվանագիտության («գիտությունը դիվանագիտության համար») ուղղության ընդլայնման և խորացման մասին՝ շեշտադրելով հանրային դիվանագիտության զարգացման գործում ինստիտուտի ձեռքբերումները:
Դեսպան Ս. Կոպիրկինը խոսեց երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմնական միտումների ու հեռանկարի մասին՝ կարևորելով թե՛ ակադեմիական գիտության, թե՛ կրթական ոլորտներում համագործակցության նոր մոտեցումների մշակման և թարմ ձևաչափերի ներդրման անհրաժեշտությունը։ Նա հավաստիացրեց, որ դեսպանությունը պատրաստ է ներգրավվել և աջակցել գիտակրթական ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկներին, որոնք կնպաստեն երկու երկրների երկխոսության ծավալմանն ու ամրապնդմանը։
Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Մխիթարյանը ներկայացրեց ռուս գործընկերների հետ իրականացվող համատեղ հետազոտական ծրագրերը, դրանց հիմնական արդյունքները։ Նա որոշ մեխանիզմներ առաջարկեց արխիվներում, գրադարաններում և գիտական կենտրոններում պատմագիտական կարևոր հետազոտական աշխատանքների իրականացման գործընթացի դյուրացման նպատակով և անդրադարձավ համատեղ հետազոտական նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։
Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը խոսեց երկկողմ գիտական և մշակութային միջոցառումների, հետազոտողների փոխանակման ծրագրերի կազմակերպման կարևորության մասին, շեշտադրեց, որ Արևելագիտության ինստիտուտը կարող է արդյունավետ հարթակ ծառայել Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ոլորտային մասնագետների մեկտեղմամբ՝ տարբեր արդիական հիմնախնդիրների քննարկման համար։
Թուրքիայի բաժնի կրտսեր գիտաշխատող Վերոնիկա Թորոսյանը, ներկայացնելով «Եվրասիականության» վերաբերյալ իր հետազոտական թեմայի շրջանակներում ռուսական փոխանակման ծրագրերով ՌԴ կատարած իր գործուղումների արդյունքները, կարևորեց երիտասարդ գիտնականների աջակցության հարցերը, դրանց ներգրավումը Ռուսաստանին և Եվրասիային առնչվող պատմագիտական, քաղաքագիտական ուսումնասիրություններում։ Նա շեշտադրեց նաև երիտասարդ հետազոտողների համար ռուսական կրթական, գիտական կամ վերապատրաստման ծրագրերի, դրամաշնորհների մասին իրազեկման բարելավման անհրաժեշտությունը։
Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան հանգամանալից ներկայացրեց կենտրոնի կողմից ներկայումս իրականացվող նախագծերը, մասնավորեցրեց դրանց գիտակրթական բաղադրիչները, թիրախային խմբերը։ Նա ձևաչափեր առաջարկեց ինստիտուտի հետ երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության կայացած և արդյունավետ դիտանկյունները, մատնանշվեցին առկա դժվարությունները և խոչընդոտները։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նշվեց, որ նման հանդիպումները նպաստավոր են ոչ միայն ակադեմիական ուսումնասիրությունների կիրառականության, այլև, նոր իրողությունների պայմաններում, երկու երկրների արևելագիտական դպրոցների ներուժի ու հնարավորությունների օգտագործմամբ՝ փոխգործակցության և երկխոսության նոր հարթակների ձևավորման համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել համակարգված և ինստիտուցիոնալ գործիքակազմ՝ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու նպատակով։
ՌԴ դեսպանատան գրադարանին փոխանցվեցին ինստիտուտի վերջին տարիների հրատարակությունները և օտարալեզու պարբերակնները։